Հեռավոր գյուղերում քննարկել են համայնքի բյուջեն, վեր հանվել ծառացած խնդիրները:
«Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացրել է «Հանուն տեղական ինքնակառավարման թափանցիկության» ծրագիրը։
Կազմակերպության նախագահ Տ. Վանդունցը նշում է, որ տեղական ինքնակառավարման գործընթացներին հատկապես անտեղյակ են մարզերի հեռավոր գյուղերում։ Ավելին, չեն գիտակցում իրենց ձայնի կարևորությունը երկրի ապագայի կերտման գործում, ինչը սեփական երկրի նկատմամբ անտարբերության մթնոլորտի ձևավորման պատճառ է դառնում: Ուստի անհրաժեշտ է ծրագրեր իրականացնել հատկապես ՀՀ հեռավոր մարզերի հեռավոր գյուղերի բնակչության՝ հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության ապահովման, գյուղաբնակների իրավագիտակցության աստիճանի բարձրացման, տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության ապահովման ուղղությամբ։ Մանավանդ որ նման աշխատանքներ հեռավոր մարզերի հեռավոր գյուղերում շատ հազվադեպ են կատարում։
Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 9 գյուղական համայնքներում իրականացվել են հանդիպումներ համայնքի ավագանու և բնակչության միջև, որոնց ժամանակ ներկայացվել են համայնքապետարանի կողմից վերջին 2 տարում կատարված աշխատանքները, համայնքի բյուջեն, վեր են հանվել համայնքի առջև ծառացած խնդիրները, և մշակվել են մեթոդներ՝ բնակչության ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: Նախապես վերապատրաստված կամավորների կողմից գյուղերում բաժանվել է շուրջ 3000 բուկլետ՝ տեղական ինքնակառավարման գործընթացների վերաբերյալ, որոնց օգնությամբ համայնքների բնակիչներն իրազեկվել են, թե ինչպես կարող են ներգրավվել տեղական ինքնակառավարման գործընթացին:
Комментариев нет:
Отправить комментарий